National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.02.2012
Ազգային ժողովի նիստում
1 / 6

Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

Խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց կառավարության նախաձեռնած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Նշվեց, որ օրենքի նախագծի ընդունմամբ բժշկական սպասարկման եւ բնակարանային խնդիրների լուծման արտոնությունների կիրառման գործընթացում կապահովվի օրենքի դրույթների միատեսակ կիրառում եւ հստակ կսահմանվի զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված, հաշմանդամ կամ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների շրջանակը, ինչը կնպաստի հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կատարվող ծախսերի օպտիմալացմանը:

Գլխադասային` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Վարդան Խաչատրյանը:

Մինչ հաջորդ հարցի քննարկումը Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծեր: Առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն  կատարելու մասին», «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինապարտության մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրինագծերը ու «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հավատարմագրման մասին», «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» եւ «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Մասնավոր պահնորդական գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթները եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Խորհրդարանը մերժեց ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի ներկայացրած «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի ընդունումը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկեցին «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հարակից ելույթում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը փոխանցեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը առաջին ընթերցմամբ ներկայացրեց «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» իր, Վարդան Բոստանջյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած օրինագծերի փաթեթը:

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում են պատգամավորի վարքագծի կանոնները, պատգամավորի շահերի բախումը ծագելու դեպքերը, պատգամավորի կողմից իր եւ (կամ) իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելուն առնչվող դրույթները, ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին հակասող գործունեության դադարեցման կարգը, Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կազմավորման կարգը` ապահովելով էթիկայի հանձնաժողովում ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածությունը, էթիկայի հանձնաժողովի իրավասությունները, էթիկայի հանձնաժողովին դիմելու եւ դիմումների քննարկման կարգը, Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջը խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը: Կանոնակարգվում են նաեւ ՀՀ կառավարության կողից անհետաձգելի համարվող օրենքների նախագծերի քննարկման ընթացակարգը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի գրանցման եւ հետաձգման կարգերը, ինչպես նաեւ շտկվում են օրենքում արձանագրված մի շարք բացթողումներ եւ հակասություններ:

Հարակից ելույթով հանդես եկավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը` ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվող հարցի վերաբերյալ կառավարության տեսակետը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ կառավարությունն ընդունելի է համարում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները, սակայն ունի դիտարկումներ, որոնց կանդրադառնա առաջինից երկրորդ ընթերցման ընթացակարգի քննարկման ժամանակ:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի վաղվա նիստում: 
  
Նիստի վերջում ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը պատգամավորական լիազորությունները վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: 
  
Օրվա վերջին նիստում պատգամավորները «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն հանդես եկան հայտարարություններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am